11/21/2012


Իոսիֆ Կոբզոնի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:
Ողջունելով տիար Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան
փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:
Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո նախաձեռնություններին:
Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշեց, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Ս. Էջմիածինը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նշանավոր արվեստագետի կողմից հայ ժողովրդին դժվարին տարիներին ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև հասարակության կյանքում հոգևոր արժեքների ամրապնդման կարևորությանը:

Комментариев нет:

Отправить комментарий