12/28/2012

ՍՈՒՐԲ  ԾՆՆԴՅԱՆ  ՊԱՀՔ


Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
 Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն` օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են` ասելով
 «Քրիստոս Ծնվեց և Հայտնեցավ, Մեզ և ձեզ մեծ ավետիս»:


ՃՐԱԳԱԼՈՒՅՑ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան` երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:  Սուրբ Ծնունդն սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:
 Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:
 <<Ճրագալույց>> նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ


«Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր` իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորեստանի կառավարիչ Կյուրենիոսի օրերին» (Ղուկ. Բ 1): 

Ըստ Ղուկասի Ավետարանի սույն վկայության, Հիսուս ծնվել է առաջին մարդահամարի ժամանակ, երբ Նրա մայրը` Մարիամը, իր ամուսնու` Հովսեփի հետ Նազարեթ քաղաքից Բեթղեհեմ էր գնում` իրենց հայրենի քաղաքում արձանագրվելու համար:
Օկտավիանոս Օգոստոս կայսրն իշխել է Քա. 29 թվականից մինչև Քհ. 14 թվականը, իսկ Կյուրենիոսը երկու անգամ է եղել Պաղեստինի և Սիրիայի կառավարիչ, նախ` Քա. 6-4 թվականներին եւ ապա` Քա. 6-9 թվականներին: Նա երկու անգամ էլ մարդահամար է անցկացրել: Քանի որ Ղուկասը մասնավորապես շեշտում է առաջին մարդահամարը, ապա ենթադրվում է, որ Հիսուսի ծնունդը պետք է տեղի ունեցած լինի Քա. 6-4 թվականների միջև: Գիտնականների մեծամասնությունն այս առումով առավել հակված է ընդունելու Քա. 4 թվականը:
Հիսուսի մայրը` Մարիամը, շնորհալի կույս էր, որը նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Սակայն ամուսնությունից առաջ Մարիամը հղիացել էր Սուրբ Հոգուց: Այդ մասին նրան ավետել էր Աստծու հրեշտակը. «Մի° վախեցիր, Մարիա°մ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի Որդի կկոչվի [...] Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 30-33): Այս մասին Հին Կտակարանում մարգարեները նախապես գրել էին. «Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի...» (Ես. Է 14), ու այդ նորածինը պետք է դառնա աշխարհի Փրկիչը:
Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մայրը փաթաթեց նրան խանձարուրով և դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջևանատանը իրենց համար տեղ չկար:
Մանուկ հասակում Հիսուսին տարան Եգիպտոս` Հրեաստանի Հերովդես արքայի հալածանքներից նրան հեռու պահելու համար, իսկ պատանի տարիքում, Հովսեփի և Մարիամի ուղեկցությամբ Նա վերադարձավ: Տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպե°ս և ի°նչ միջավայրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Հայտնի է միայն, որ Եգիպտոսից վերադառնալով, Հիսուս ծնողների հետ հաստատվեց Գալիլեա գավառի Նազարեթ քաղաքում: Այս պատճառով էլ հետագայում նրան կոչեցին Նազովրեցի:

Հայ Եկեղեցում Մանուկ Հիսուսին  նվիրած ու երգվող բազմաթիվ շարականներ կան. ահա դրանցից մեկը





Комментариев нет:

Отправить комментарий