ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ /Շիրակի թեմ/

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Լրացավ ՀՀ փրկարար ծառայության 20-ամյակը: Այդ կապակցությամբ, սեպտեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գործող մարզային կառույցների ներկայացուցիչներին հյուրընկալեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առիթով` Սրբազան Հայրն առանձնակի կարևորեց փրկարարների գործունեության մեծ դերն ու նշանակությունը, որ ի սպաս է դրվում մեր երկրի ու ժողովրդի կյանքն ապահով դարձնելուն: Նա քաջալերանքի, օրհնության խոսքեր ուղղեց հյուրերին և հաջողություններ մաղթեց իրենց վտանգավոր, սակայն անչափ պատասխանատու գործում:

Թեեւ 1961 թ. Հայաստանում ստեղծվել էր քաղաքացիական պաշտպանության շտաբ, բայց 1988 թ. երկրաշարժը բացահայտեց, որ այն միայն թղթի վրա էր: Մեզ օգնության եկած այլ երկրների ներկայացուցիչներից մերոնք շատ բան սովորեցին: Մի քանի լեռնագնացների մտահղացմամբ ստեղծված փոքրիկ խումբը հետագայում դարձավ փրկարար ջոկատ: 1990 թ. ստեղծվեց ՙԳյումրու ջոկատ՚ ՀԿ-ն, որի հիմքի վրա, 1997 թ. հոկտեմբերի 1-ին, ձևավորվեց արագ արձագանքման 101 անդամից բաղկացած փրկարարական ջոկատ: 1991 թ. ստեղծվեց Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչություն, որը 2005-ին դարձավ, տարածքային կառավարման նախարարության համակարգում գործող, փրկարար ծառայություն: Իսկ 2008 թ. կյանքի կոչվեց արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Թեմակալ Առաջնորդին հյուրերը ներկայացրին իրենց կառույցների տեխնիկական և կազմակերպչական նորությունները, ոլորտներում առկա խնդիրները, կատարած աշխատանքներն ու հեռանկարները: 1997-ին ՇՄ-ին տրամադրվել է հատուկ փրկարարական ՙՄերսեդես՚, 2010 թ.` ռուսական ՙՈՒԱԶ՚: Մարզն արդեն ապահովված է ջրասուզակներին անհրաժեշտ սարքերով, որոնցով կարելի է սուզվել մինչև 40 մետր: Հայաստանում իրականացվում է ՙՀարավային Կովկասում կառուցենք անվտանգ համայնքներ՚ ծրագիր, որում ընդգրկված է Շիրակի մարզի ինը բնակավայր:

Այսօր դրանցում գործում են 20-ական մարդուց բաղկացած արագ արձագանքման խմբեր, որոնք պատրաստ են, մինչև հիմնական ուժերի ժամանումը, փրկարարական աշխատանք կատարել: Նախարարության համակարգում գործող ճգնաժամային կառավարման ակադեմիայում վերապատրաստվում են մասնագետներ մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներից, քաղպաշտպանության կազմավորումների հրամանատարներից:

Սրբազան Հայրն առաջարկեց այսուհետ պատահարների դեպքում տեղեկացնել նաեւ թեմի առաջնորդարանին` դեպքի վայր քահանա ուղարկելու համար, որն իր ծառայությունը կմատուցի ծանր վիճակում գտնվող մարդկանց: ՙԴուք մարդու մարմնի փրկիչն եք, հոգևորականներս` հոգու՚,- իր խոսքում շեշտեց Առաջնորդ Սրբազանը:

Մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն առաջարկությունը սիրով ընդունեց և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ: