5/04/2013








«Լրագրողներին բացակայում է անտեսանելին տեսնելու եւ անհրաժեշտաբար լռելու կարողությունը»



 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ապրիլի 3-ին Շիրակի մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
 Սրբազան Հայրը շնորհավորեց ու դիտողություններ արեց լրագրողներին.
-Մամուլի ազատությունն անհրաժեշտություն է, ինչպես օդը, թթվածինն ու մյուս ազատություններն են անհրաժեշտություն, բայց այդ ազատությունը նաեւ նրա համար է, որ տեսնես անտեսանելին: Բաներ կան, որ մենք՝ իբրեւ հոգեւորական պարտավոր ենք որոշակի ձեւով մատուցել, չենք կարող ձեզ նման մատուցել: Ոչ թե որովհետեւ վախկոտ ենք, այլ որովհետեւ շատ բաներ մեզ պատշաճ չէ ասել: Այ դա հասկանալ է պետք:
Մինչ Սրբազանը տոնի առիթով կշնորհավորեր լրագրողներին՝ հանդիպման սկզբում նմանատիպ մի քանի դիտողություններ արեց՝ հորդորելով դրանք չընդունել որպես քննադատություն:
-Շատ դեպքեր են եղել, որ ես խոսել եմ բաներ, որը հասկանալու համար տողերի արանքը պիտի կարդաս: Եվ շատ-շատերը, բայց ոչ լրագրողներ, կարդացել են այդ տողերի արանքը եւ եկել ասել են՝ «Սրբազան, դուք սա՞ էիք ուզում, չէ, ասել», ասում եմ՝ այո: Լրագրողը պիտի դա հասկանա, թե ես ինչ էի ուզում ասել, իսկ հաճախ լրագրողը այդ բանը չի հասկանում: Հետո մենակ գրում են՝<<Սրբազանն ասաց>>, բայց թե ինչո՞ւ ասաց, ի՞նչ կոնտեքստով ասաց, իր ասածի հետեւում ի՞նչ կար, ի՞նչ նկատի ուներ, ի՞նչ կարող էր նկատի ունենալ, այդ վերլուծությունը չկա:
Լրագրողներին բացակայում է անտեսանելին տեսնելու եւ երբեմն անհրաժեշտաբար լռելու կարողությունը, ամեն լրագրող առանձին-առանձին վերցրած՝ պետք է ունենա բարոյական, քաղաքացիական կեցվածք: Իր դիտարկումներն հերթով ասում էր Սրբազանն ու դրանք հիմնավորում օրինակներովԱմեն ինչ չէ, եւ ամեն ինչի մասին չէ եւ ամեն ձեւով չէ, որ կարելի  խոսել: Պետք է մտածել՝ այս բանը լուսաբանելիս ես օգո՞ւտ եմ  տալիս, թե՞ վնաս, երկի՞ր եմ շենացնում, թե՞ երկիր եմ կործանում, դաստիարակո՞ւմ եմ, թե՞ փչացնում
Ավետարանն ասում է. «Ազատությունն ի չարս մի գործադրեք»: Ավետարանի այս խոսքը պետք է միշտ ի մտի ունենաք: Երբ ասում ենք մամուլի ազատություն, հենց դա ի նկատի ունենք: Մամուլը բարոյական, քրիստոնեական առոջղ կեցվածք պիտի ունենա, ոչ թե բանբասանքի ու սենսացիայի ետեւից ընկնելու կեցվածք»:
Սրբազանը ժամանակին լռելու ու անհրաժեշտաբար չխոսելու լրագրողներին տված խորհուրդը հոգեւորականների օրինակով բացատրեց. «Այն, որ ասում են.  «սար ու ձոր, տերտեր փոր»,- դուք ուտելու հետ եք կապում, բայց  դա գաղտնիքը պահելուն է վերաբերում: Այսինքն՝ սար ու ձորի գաղտնիքը տերտերը իր փորում է պահում: Հասարակության ու առանձին անհատների թերությունները ու գործած այլանդակությունները ոչ ոք հոգեւորականից ավելի լավ չգիտի, բայց հոգեւորականը մեծավ մասամբ չի բացահայտում, որովետեւ մտածում է՝ դա ի շահ է լինելու, թե՞ ի վնաս»:
Սրբազանն առանձին դիտողության արժանացրեց նաեւ հեռուստատեսություններին՝ կապված վերջին դեպքերի առնչությամբ  ապրիլի 24-ին՝ Ջարդի ձորում իր ասած «Հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի» արտահայտությունը եթեր չհեռարձակելու հետ, որով նա դատապարտել էր ապրիլի 23-ին քաղաքի կենտրոնում կատարված մարդասպանությունը:
-Լրագրողները պետք է կարողանան կարդալ ու լսել այն, ինչ ես չեմ ասում, ոչ թե միայն լսեն այն, ինչ ես ասում եմ, բայց ասում եմ, չասելով եմ ասում: Ուրեմն՝ եթե ինչ-որ բանի մասին խորհրդանշական կերպով լռում եմ, նշանակում է բան եմ ասում: Եթե դուք ինձ հարց եք տալիս, ես այդ հարցը չեմ մեկնաբանում, սա շատ լուրջ մեկնաբանություն է, իսկ այդ մեկնաբանությունը չենք տեսնում հաճախ: Մեկնաբանել չկամենալը ամենալուրջ մեկնաբանություններից մեկն է: Ուրեմն՝ ինչ-որ մի բան կա, որի պատճառով ես լռություն եմ պահպանում եւ այդ իմ լռությունը ավելի խոսուն պիտի լինի, քան թե եթե ես մի կես ժամ խոսեի:
Ապա դարձյալ անդրադառնաով մամուլի ազատությանը՝  Սրբազանը  նկատեց, որ այն լրագրողները, ովքեր ազատ չեն, իրենք են իրենց դատապարտել անազատության, որովհետեւ այդ լրագրողներն իրենց կապել են որոշակի շրջանակների հետ, սնվում են այդ շրջանակներից եւ ստիպված իրենք իրենց դատապարտել են անազատության:
Այս ամենով հանդերձ Սրբազանը վստահեցրեց, որ գոհ է մարզի լրատվության ազատությունից, որը տեսանելի էԵս ուրախ եմ այդ ազատության համար եւ այդ ազատության համար պայքարողներից ու պաշտպանողներից մեկն եմ եղել ու կլինեմ՝ անկախ որեւիցե բանից»:
Վեջում՝ տոնի առիթով  Սրբազանը շնորհավորեց լրագրողներին ու մաղթեց, որ անընդհատ աշխատեն իրենց մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ եւ չմեծամտանան:




Комментариев нет:

Отправить комментарий